Պաշտոնապես հայտարարում եմ, որ խոսակցությունները, թե Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում համաձայնել եմ առաջադրվել ՍԴ նախագահ ընտրվելու պայմանով, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը։
Խունդկարյանը նշեց, որ ՍԴ դատավորի թեկնածուն նախքան ընտրվելն անցնում է մի քանի փուլերով. առաջին փուլ՝ դատավորների ընդհանուր ժողով, դատավորների ընդհանուր ժողովում փակ-գաղտնի քվերակություն, որի արդյունքում՝ որևէ անձի ընտրություն, երկրորդ փուլ. թեկնածուի ներկայացում Ազգային ժողովում, ԱԺ-ում փակ-գաղտնի քվերակություն և ընտրություն քվերակության արդյունքներով։
«ՍԴ նախագահը, ըստ ներկայումս գործող կարգավորումների, ընտրվում է ՍԴ դատավորների կողմից։ Ձեր կարծիքով՝ այս պայմաններում որևէ պայմանավորվածություն կարո՞ղ է գործել»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։
«Գործող Սահմանադրությամբ՝ էականորեն փոփոխվել է Սահմանադրական դատարանի կազմը համալրելու ընթացակարգը, և այս ընցակարգով ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից․ այդպիսի մեկ դատավոր արդեն ունենք ընտրված՝ Արման Դիլանյանը. այժմ քննարկվում է երկրորդի թեկնածությանը»,- ասաց Խունդկարյանը։
Երվանդ Խունդկարյանը նշեց, որ ծանոթ չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական կարծիքին, որը վերաբերում է իրեն։
«Չեմ էլ կարող դրան ծանոթ լինել, որովհետև դա տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։ Դրան ծանոթ եմ միայն այնքան, որքան տեսել եմ մամուլում։ Իսկ մամուլում հայտնված տեղեկատվությունն այնպիսին է, որ ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կարող էր նման որակի վերլուծություն լինել», — ասաց Խունդկարյանը։
Նա նշեց, որ, օրինակ, իրեն մեղադրում են «Ա1+» հեռուստաընկերության փակման մեջ. այդ մարդիկ արդյոք կարդացել են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը։
«Իսկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռում դատավորի գործողությունների մասով որևէ բացթողում չի արձանագրվել, հակառակը՝ ֆիքսվել է, որ արդար դատաքննության իրավունքի որևէ խախտում տեղի չի ունեցել», — ասաց Խունդկարյանը։
Նշենք, որ մամուլում հրապարակում էր եղել, թե Խունդկարյանի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական խորհրդատվական կարծիք է տվել, որն, ըստ հրապարակման, ազդելու է թեկնածուի ընտրության վրա խորհրդարանում։
Հիշեցնենք նաև՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո դատավորների թափուր տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար իրենց թեկնածուներին են առաջադրել ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ՀՀ նախագահինը՝ Արթուր Այվազյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






