Ոչ խմբակցությունների կողմից, ոչ թեկնածուների կողմից հանդիպումների նախաձեռնություն չի եղել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին՝ ինչու ՍԴ դատավորի թեկնածուների և ԱԺ խմբակցությունների միջև հանդիպումներ չեն կազմակերպվել։
Մարուքյանի դիտարկմանը, թե նախկինում նման հանդիպումներ միշտ կազմակերպում էին, և, փոխարեն գնալով ավելի լավ լինի, ոնց որ՝ գնալով ավելի վատ է լինում, Միրզոյանը հակադարձեց՝ նշելով, որ տրամագծորեն հակառակ կարծիքին է:
«Ըստ իս, գնալով ամեն ինչ լավանում է՝ հատկապես թեկնածուների, թափանցիկության, խմբակցությունների հետ քննարկումների առումով: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա ոչ խմբակցությունների կողմից, ոչ թեկնածուների կողմից այդպիսի նախաձեռնություն չի եղել: Ցանկացած նախաձեռնության դեպքում ԱԺ նախագահն ու աշխատակազմը պատշաճ պայմաններ կապահովեին այդպիսի հանդիպման համար: Ցավոք սրտի՝ որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չէ այդպիսի հանդիպում կազմակերպելու:
Պարոն Մարուքյան, սա դուք, սա թեկնածուները. քիչ անց կմոտենան ամբիոնին, կարող եք ձեր հարցերն ուղղել: Այդ թվում կարող են պատգամավորները հարցնել, թե ինչու՛ այդպիսի ցանկություն չի դրսևորվել, ինչին ի պատասխան թեկնածուն էլ կարող է ասել՝ ես հաճույքով կգայի, եթե այդպիսի ցանկություն խմբակցությունը հայտներ»:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո դատավորների թափուր տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար իրենց թեկնածուներին առաջադրել են ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






