ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը։ Այս մասին ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ խախտված են բազմաթիվ ընթացակարգեր։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը, թե ինչու խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորների թեկնածուների հետ՝ Զոհրաբյանը նկատեց, որ իրենք գիտեն՝ կա պառլամենտական քաղաքական մշակույթ, ըստ որի քաղաքական սուբյեկտը և ներկայացվող թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնությանը, այլև փոքրամասնությանը ներկայացնել իրենց տեսլականը և պատասխանել հարցերին։
«Այս ամիսներին մենք տեսանք, որ ՍԴ դատավորների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում նույն խմակցության ներսում. դանիական արքունիքը «գլուխը պատն է տվել» ներքին խարդավանքների շուրջ։ Այս մարդիկ հասկացել են, որ խնդիրները որոշվում են այստեղ, և հանդիպել երկու այլ խմբակցությունների հետ համարել են բացարձակապես աննպատակահարմար։ Պարոն Միրզոյան, ես սա համարում եմ հետընթաց, որովհետև իմ 13 տարվա պառլամենտական գործունեության մեջ չի եղել որևէ դեպք, որ մենք խնդրենք թեկնածուին մեզ հետ հանդիպել։ Եթե թեկնածուն ակնկալում է ոչ միայն մեկ խմբակցության քվեները ստանալ, ցանկացել է լինել կոնսենսուսային թեկնածու, ապա իրենք պետք է շահագրգիռ լինեին հանդիպումների կազմակերպման համար»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո դատավորների թափուր տեղերը կհամալրվեն։
ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար իրենց թեկնածուներին են առաջադրել ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղրշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






