Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցերը և ուղենշելու համագործակցության հեռանկարները:
«Հայ ժողովուրդը պատմամշակութային ամուր կապերով է միահյուսված Եգիպտոսին և արաբական աշխարհին, որոնց հետ անցել է համատեղ պատմական մի մեծ ուղի: Հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության և իրական բարեկամության վառ արտահայտություն են», — նշել է Մնացականյանը։
Կողմերն ընդգծել են հայ համայնքի պատմական ներդրումը Եգիպտոսի պետական և հասարակական կյանքում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ եգիպտահայ համայնքը հանդիսանում է երկու երկրներն իրար կապող կամուրջ։
Զրուցակիցներն արձանագրել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության կուտակված զգալի ներուժն ու զարգացման դինամիկան՝ ընդգծելով երկկողմ բազմաոլորտ օրակարգի հարստացմանը միտված քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Որպես հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվեցին դեղագործության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները:
Բազմակողմ համագործակցության առումով նախարարները կարևորել են միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության շրջանակներում ավելի սերտ և հետևողական շփումներն ու փոխադարձ աջակցությունը։
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Առանձնահատուկ ընդգծվել է տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման կարևորությունը և միջազգային համագործակցության դերն անդրազգային սպառնալիքների չեզոքացման գործում, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը։
Նախարարներ Մնացականյանը և Շուքրին կրոնական խմբերի պաշտպանությունն առանձնացրել են որպես համագործակցության կարևորագույն ոլորտ միջազգային ասպարեզում։
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն:
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի հանդիպումները կունենա ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







