Այսօր մանդատը վայր դնելու մասին հայտարարած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, որն «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարն է: Նա 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:
Նարեկ Ղահրամանյանը ծնվել է 1991թ․ ապրիլի 16-ին՝ Կապան քաղաքում։ Ավարտելով Կապանի 7-րդ միջնակարգ դպրոցը՝ 2008թ․ ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և ավարտել՝ երկրաֆիզիկոսի որակավորմամբ, բակալավրի աստիճանով։ 2012-14թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։
Աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում` որպես տնտեսվար, «Կովսականի բարիքներում»՝ մարկշեյդեր (լեռնային ճարտարագետ), «Վայբլ» ՍՊԸ-ում։
2015 թ-ից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր, ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն իր Facebook-յան էջի միջոցով հայտնել է, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը:
Ըստ նրա՝ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






