ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Բարգավաճ Հայաստան-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունների համատեղ դիմումը, որով վիճարկվում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների վրա դրված դիմակի կրման պարտադիր պահանջի օրինականությունը:
Այս մասին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու ենք անձանց իրավունքների ապօրինի սահմանափակումների դեմ» — գրել է պատգամավորը Facebook-ում: Նա նաև նշել է, որ դատական նիստերի և դրանց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստում որոշում է կայացվել մշակել արտակարգ դրության ռեժիմի դրույթների խախտման համար տուգանքների վերացման նախագիծ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս նախաձեռնությունը կներկայացնի ԱԺ աշնանային նստաշրջանում, որը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին:
Աշխատանքային խումբը որոշում է ընդունել նաև դատական կարգով վիճարկել դիմակների պարտադիր կրման ռեժիմը խախտելու համար նախատեսված տուգանքները և միջնորդագիր ներկայացնել դատարան՝ Պարետի կողմից դիմակ կրելու մասին համապատասխան որոշումը վերացնելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






