Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են միասնական մեդիա հարթակ ձևավորել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը. փոխանցում է ermenihaber-ը։
Հանդիպման ընթացքում Ալթունն ասել է, որ իրենց վիճակված է միասնական լինել, քանի որ ըստ նրա՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա հարձակում կատարվողները՝ «երկու պետությունների դեմ ապատեղեկատվություն տարածողները և իրենց բարի համբավը վնասողները», միավորվել են։
«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես՝ սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»:
Ալթունի կարծիքով՝ հնարավոր է գոհացուցիչ արդյունքների հասնել, եթե այս ոլորտներում երկու երկրների ռեսուրսները և փորձը մեկտեղվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







