Հանրակրթական հաստատություններն ախտահանման միջոցներով և դիմակներով ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ: Նախատեսվում է մեկ ամսվա հաշվարկով բժշկական դիմակներով ապահովել և՛ աշակերտներին՝ սաներին, ուսանողներին, և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին։ Հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների աշակերտների համար դիմակներ կտրամադրվեն օրական ընդհանուր թվաքանակի 20 %-ի չափով։
Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից՝ արձագանքելով ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքի գրառմանը, որտեղ նա մտահոգություն էր հայտնել, թե դպրոցներում աշակերտների և մանկավարժական անձնակազմի համար դիմակների, ախտահանիչ նյութերի միայն 20 %-ն է նախարարությունն ապահովելու։
Դիմակներ կտրամադրվեն հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և այլ հաստատությունների աշակերտների համար օրական ընդհանուր թվաքանակի 20 %-ի չափով, հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատություններ 100 %-ի չափով՝ օրական 2 հատ։ Իսկ հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի 100 %-ի չափով՝ օրական 3 հատ:
Հիշեցնենք, որ պատգամավորը գրել էր, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ դպրոցներում արդեն իսկ սկսել են այս նպատակով գումարներ հավաքել, ինչը լրացուցիչ բեռ է ծնողների համար։ ԿԳՄՍ նախարարությունից այս ահազանգի վերաբերյալ մեկնաբանեցին, որ դպրոցներն իրենց խնայողությունների հաշվին արդեն իսկ ձեռք են բերել ախտահանիչ նյութեր և դիմակներ։
«Պարտադիր չէ ամեն օր դիմակ գնել, կարելի է բազմակի օգտագործման դիմակներ գնել, որ լրացուցիչ բեռ չլինի»,- փոխանցեցին նախարարությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







