Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ օգոստոսի 7-ին, կայացել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։
Պաշտպանները դատարանին են ներկայացրել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու միջնորդություն, ինչն արժանացել է գործով մեղադրող դատախազի առարկությանը։ «Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորությունը տրվել է այն ժամանակ, երբ նրա նկատմամբ խափանման միջոց է եղել կալանքը և մեր կողմից որոշում է կայացվել կալանքը փոփոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու։ Այսինքն՝ այդ փուլում գնահատվել է, որ խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են։ Գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման», — մասնավորապես ասվել է մեղադրող կողմի հայտարարությունում։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակի 17։30-ին։
Դատական նիստը հետաձգվել է. այն կկայանա նոյեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը, 2018թ․ հանդիսանալով ՀՀ ԱԺ նախագահ՝ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ կատարել պաշտոնեական կեղծիք։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատարների՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







