Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով պարզվել են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրմաքարերի պղծման հանգամանքները։
«Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00 -ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում»,-նշված է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։ «Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում պղծվել են Ապրիլյան պատրեազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







