«Ինչո՞ւ ես պետք է մեկնաբանեմ ուրիշի ասածները: Իրենց կարծիքն է, մենք էլ շատ բաներ ենք ասում: Երկրորդ, ԲՀԿ-ն առաջին անգամ չի, որ հանրահավաքներ է անում. միշտ էլ արել է: Ինքնուրույն օրակարգ է մշակում, ինքնուրույն ուժ է»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե հանրահավաքների պատրաստվող ԲՀԿ-ն գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ։
«Տարբեր ուժեր կգան, կգնան, ԲՀԿ-ն միշտ մնալու է: Իհարկե, ինձ համար անընդունելի է, որ ԲՀԿ-ն պետք է ինչ-որ տեղից ուղղորդված լինի: ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է և ինքնուրույն մշակում է իր քաղաքականությունը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Դիտարկմանը, թե 2015-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին համոզեց պահանջել իշխանությունների հրաժարականը՝ Մելքումյանն ասաց.
«Համոզելը քաղաքական կատեգորիա չէ: Եթե ուզում եք հետ գնալ 2015 թվական, ապա այն ժամանակ իրավիճակն այլ էր: Եթե հիշում եք, պայքարն ավելի վաղ սկսվեց, բերեց հանգեցրեց Տիգրան Սարգսյանի հրաժարականին ու շարունակություն եղավ»
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






