ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացրել է Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի և Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մխչյանում մասնավորապես կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 1370 մ երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ ինքնահոս եղանակով Մխչյանի հեռացնող ջրանցք կտեղափոխվի 690 լ/վրկ ելքով դոտացիոն ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1․7 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 65 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 125.1 մլն. դրամ։
Մյուս ՝ Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի արդիականացման ենթածրագրով կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 4960 մ երկարությամբ պոլիէթիլային խողովակաշար. արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 100 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 54,6 լ/վրկ. ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,35 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 16 մլն. դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 88.9 մլն․դրամ ։
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում նախատեսված է իրականացնել 7 ենթածրագիր, ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։ Ծրագրի ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







