Դիզվառելիքի շուկայում վերջին շրջանում փոփոխություններ են եղել, բայց ոչ հօգուտ վարորդների։ Դիզվառելիքն ու սեղմված գազը թանկացել են։
Վերջին շրջանում բենզինի արժեքը կրկին բարձրացել է։ Բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր արժե 340 դրամ, իսկ «Պրեմիումինը»՝ 360 դրամ, նախկին՝ 300-ի և 320-ի փոխարեն։
Պաշտոնական տվյալներով՝ հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.9 % և 3.6 % գնաճ: Հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 29.1 % և 30.6 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 26.0 % և 25.2 %-ով։
Մինչդեռ արտակարգ դրության ամիսներին նավթամթերքն այնքան էր էժանացել, որ «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում էր 250-280 դրամով:
Բենզինի գնանկման պատճառը նաև նավթի համաշխարհային գների նվազումն էր: Այստեղ դեր է խաղացել նաև կորոնավիրուսը: Վերջին օրերին, սակայն, դիզվառելիքի շուկայում պատկերը փոխվել է: Աշխարհը տոտալ «լոքդաունից» վերադառնում է, ավելացել է բենզինի պահանջարկը, ինչն էլ բերել է գնի բարձրացմանը։
Բայց նույնը չի կարելի ասել սեղմված գազի գնի բարձրացման մասին։ Սեղմված գազի գինը հուլիսից բարձրացել է պետական որոշումով։
Մինչ որոշումը՝ սեղմված գազի մեկ կիլոգրամն արժեր 290-300 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշմամբ, սակայն, խոշոր սպառողների այդ թվում նաև գազալցակայանների համար գազի սակագինը բարձրացել է։ Արդյունքում, նաև սեղմված գազի գինն է փոխվել։
«Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանի հաշվարկներով՝ մեկ կիլոգրամի գինը բարձրացել է մինչև շուրջ 5 տոկոս։
«Տարբեր գազալցակայաններ, տարբեր գներով են վաճառում։ Գազալցակայանների համար գազի սակագինը բարձրացրեցին և նման պատկեր ստացանք։ Գինը շատ չի բարձրացել, մինիմալ թանկացում է եղել։ Այս շուկան շատ կոշտ է, դրա համար իրենք չեն կարողանում տարբեր գներ դնել։ Շուկան է գները կարգավորում», — Armenia Today-ի զրույցում նշեց մեր զրուցակիցը։
«Ավտոգազ» ասոցիացիայի նախագահն ընդգծում է, որ սահմանափակումների հետևանքով տուժել են նաև գազալցակայանները: Նրանց աշխատանքի շահութաբերությունը կախված է տնտեսական ակտիվությունից:
Իսկ առանց այն էլ սոցիալական վատ վիճակում հայտնված քաղաքացիների՝ մասնավորապես վարորդների գրպանին նաև դիզվառելիքի թանկացումն է ազդելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







