ՀՀ Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 3-ին կայացած նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման վերաբերյալ կողմերի հետաքրքրվածությամբ:
Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքի առաքումը Հայաստան կազատվի մաքսատուրքի գանձումից:
Սույն համաձայնագրով՝
-կողմերի իրավասու մարմինները
մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը պետք է կազմեն հաջորդ տարվա Հայաստանում ներքին սպառման ապրանքների արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից ապրանքների առաքման ծավալները,
— միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող ապրանքների ցանկը:
Նշվում է, որ համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ:
Այն կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







