Թուրքիայի տարածաշրջանային սպառնալիք լինելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք աննկատ չեն մնացել և արժանացել են Թուրքիայի նյարդային արձագանքին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում դիվանագիտական շրջանակներում Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության մասին բարձրաձայնելու ուղղությամբ։
«Պետք է նշեմ, որ մենք միայն հայտարարություններով չենք բավարարվել․ ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը շրջանառել է հայտագիր, որով կասեցվում են ԵՍԶՈՒ- ի և Վիեննայի փաստաթղթերի շրջանակներում թուրք տեսուչների այցերը Հայաստան»,- ասաց Նաղդալյանը։
Անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությանը, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է՝ Նաղդալյանը նշեց․
«Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրապես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը՝ երկիր, որը չի ճանաչում և, անգամ, արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,- ասաց Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակը նշեց, որ Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և Թուրքիայի հանդեպ քաղաքականությունն իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա։
Նաղդալյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






