Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր՝ տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Ընթացիկ քննարկումներ էին: Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, ընդհանուր արժեքային մոտեցումներ ենք քննարկել»,- ասաց Մակունցը:
Մակունցի խոսքով՝ կան դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր, օրակարգում են կրթությանն առնչվող բարեփոխումները, և վարչապետի հետ հանդիպմանը եղել են այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումների վերաբերյալ քննարկումներ, իսկ կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման հարցին անդրադարձ չի եղել:
«Մենք չենք քննարկել անձերի, թեկնածուների, մենք քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ, և որպես պետական այրեր՝ ինչպես ենք պատկերացնում և ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությունով Հայաստանում տվյալ ոլորտների զարգացումը»,- ասաց Մակունցը:
Նա հավելեց, որ ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանների միավորման վերաբերյալ քննարկում ևս չի եղել:
Ինչ վերաբերում է Էդգար Շաթիրյանին կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու հնարավորությանը, ապա Մակունցն ընդգծեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող որոշում կայացնել, թե կառավարության կողմից ով է լինելու ՍԴ դատավորի թեկնածուն:
Ինչպես Վահրամ Ավետիսյանի պարագայում, այնպես էլ հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի պարագայում «Իմ քայլը» խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում ներկայացնել, առավել ևս, որ քվեարկությունը լինելու է փակ գաղտնի:
Մակունցը տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստ ՍԴ դատավորներին ընտրելու հարցով չի նախատեսվում:
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ այդ նիստը կհրավիրվի: Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկատվությամբ, արտահերթ նիստ չի նախատեսվում»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






