«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների ու զինվորների համար, այլև Արցախյան առաջին պատերազմում զոհվածների համար»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, Ապրլյան պատերազմի թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներից։
«Ես պատասխանատվություն եմ կրում բոլոր այն զինվորների ու սպաների համար, որոնք զոհվել են 1988 թվականից սկսած մինչև այսօր։ Բայց տեղին չէ ներողություն խնդրել զոհվածների ծնողներից, ես իմ երախտագիտությունը, խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին և կոչ անում բոլորին՝ շատ ուշադիր լինել նրանց ընտանիքների նկատմամբ։ Խնդիրը միայն զոհվածները, նահատակները, նրանց ընտանիքները չեն, այլ խնդիրն այն է, որ հասարակության ճիշտ վերաբերմունքը պետք է լինի այն խթաններից մեկը, որ մեր այսօրվա և վաղվա սպաներին ու զինվորներին դրդի, համոզի, որ նրանք շատ ամուր պահեն մեր հայրենիքի սահմանները, և Աստված մի՛ արասցե, եթե անհրաժեշտություն լինի, դա անեն իրենց կյանքի գնով։ Դա բոլորիս պարտականությունն է։ Մենք հաղթել ենք, փառք Աստծո, ունենք ազատ, անկախ Արցախ, մարտունակ զինված ուժեր, և այդ ամենը նաև մեր զոհված տղաների գործի արդյունքն է»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Ըստ նախագահի՝ ճիշտ չէ շահարկել զոհերին քաղաքական նկատառումներով և յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ նախագահ է, գերագույն գլխավոր հրամանատար, լրագրող, թե զուտ քաղաքացի, չի կարող ասել, որ ինքը միշտ անսխալ է եղել, եթե կա այդպիսի մարդ, թող ասի։
«Իսկ այն մարդիկ, որոնք ամեն օր բազմաթիվ որոշումներ են կայացնում, անշուշտ, այդ պաշտոնատար անձանց սխալները շատ ավելի տեսանելի են։ Առանց որևէ սեթևեթանքի կարող եմ ասել, որ ես չեմ տեսնում իմ կողմից կամ ԶՈՒ որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին հիմա արժե խոսել։ Մենք Ապրիլյան պատերազմում հաղթել ենք»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։
Ըստ երրորդ նախագահի՝ պատերազմը հաղթելու չափման միավորն Ադրբեջանի պլանների ձախողումն է։
«Չափման միավորն այն է, որ մեր հակառակորդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարում է, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Գիտեք, հաջողությունը երբեք կիլոգրամներով չի կարելի չափել, անհնար է չափել։ Հաջողությունը չափվում է քաղաքական հայտարարություններով, միջնորդների հայտարարություններով, երբ միջնորդներն ասում են, որ անթույլատրելի էր Ադրբեջանի վարքագիծը։ Դուք կարող եք մտածել, որ ես ուրիշներին հղում եմ անում, բայց ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում։ Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը․ սա է չափման միավորը։ Անկեղծ եմ ասում՝ մենք երբեք որևէ հաղթանակ մետրով, կիլոմետրով չենք չափել»,- եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






