ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը ասուլիս կտա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում։ Ասուլիսի վայրի ընտրության հարցը շահարկումների առիթ է դարձել տարբեր շրջանակների կողմից․ հիշեցնում են, որ 2012 թ․ այդտեղ սպանվել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։
Սպանված բժշկի կինը հորդորել է չքաղաքականացնել դեպքը, քանի որ դա միայն ցավ է պատճառում իրենց ընտանիքին։
168․am-ի հետ զրույցում Վահե Ավետյանի կինը նշել է. «Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավական ծանր է այս մասին խոսելը․ պարզապես մի խնդրանք՝ չէի ուզի դեպքը քաղաքականացվի։
Երբ այդ ամենը կապում են իմ ամուսնու գործի հետ, հավատացեք՝ մեզ համար այդ նույն ցավը նորից վերապրել է նշանակում․ թե՛ ինձ համար, թե՛ իմ երեխաների համար, թե՛ նրա ծնողների համար՝ բոլորիս համար։ Ուղղակի խնդրում եմ՝ դեպքը ոչ մի կերպ չքաղաքականացնել, դա ոչ նախկիններին ինչ-որ բան կավելացնի, ոչ էլ ներկաներից ինչ-որ բան կպակասեցնի»։
«Ես լիահույս եմ, որ իրական մեղավորը պատասխան է տալու, եթե ոչ օրենքի առջև, ապա Աստծո առջև հաստատ պատասխան է տալու»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելել են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան, որտեղ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Ավետյանը ծեծի է ենթարկվում, որի հետևանքով օրեր անց մահանում է։ Կատարվածը լուրջ հասարակական ալիք է բարձրացնում։ Հուլիսի 3-ի Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին՝ իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







