Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ՝
-Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն է։
-Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա՝ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված:
-Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է պետական կառավարման այլ մարմինների միջազգային բնույթի պաշտոնական գործունեությունը և միջազգային կապերը:
-Արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ պաշտոնատար անձինք` Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ:
-Արտաքին քաղաքական բնույթի պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության կողմից լիազորված ներկայացուցիչների միջոցով։
-Պաշտոնատար անձինք և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
-Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների հետ հարաբերություններն իրականացվում են ԱԳՆ հետ համաձայնեցված։ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինները միջազգային համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետներում արտաքին գործերի նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







