ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով կառավարության անդամների հետ խորհրդացությունը, հայտնել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել է նախագահը՝ ավելացնելով. «Ես գիտեմ, որ այն բավական արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»։
Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք մշակվել են համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կողմից, ավարտվել են։
Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային թողարկումը պետք է սկսել մոտ ժամանակներս, ընդ որում՝ պատվաստումը կամավոր կլինի: «Հուսով եմ, որ մենք կկարողանանք մոտ ժամանակներս զանգվածային թողարկում սկսել, ահա թե ինչն է կարևոր՝ այդ դեղամիջոցի զանգվածային թողարկումը», — ասել է նախագահը՝ ընդգծելով, որ պատվաստումը պետք է բացառապես կամավոր բնույթ ունենա:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կհայտնվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







