Հայաստանի երեք ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Հայրենիք»-ը, բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Հատուկ քննչական ծառայության որոշման կապակցությամբ, որը հրաժարվել է քրեական գործ հարուցել Հայաստանում իշխանության յուրացման մասին նրանց դիմումի հիման վրա:
Վերը նշված կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել են, որ ՀՔԾ քննիչն առանց որևէ հիմնավոր բացատրության հրաժարվել է գործ հարուցել, սակայն հաշվի առնելով, որ «իշխանության գործադիր և օրենսդիր թևերն իրականացրել են դատական իշխանության զավթում», ապա այս հանգամանքը պետք է արժանանա հստակ քրեաիրավական գնահատականի:
«Մենք ներկայացված հաղորդման մեջ մատնանշել էինք մի շարք փաստեր, որոնցով ցույց էինք տալիս, թե ինչպես է մեր կողմից մատնանաշված բարձրաստիճան պաշտոնատար անձնանց շրջանակը փորձել իրականացնել իր հանցավոր մտադրությունը՝ ՍԴ-ի լիազորությունները զավթելը։ Ցավոք սրտի, ՀՔԾ Հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Մինասյանն այս ներկայացված փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ։ Ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր հանցավոր այս մտադրությունը, չի ուսումնասիրել, իր պարտականությունն էր այս փաստերը մանրամաասն ուսումնասիրել՝ հերքել կամ հաստատել»,- ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։
ՀՔԾ քննիչը, ըստ Արծվիկ Մինասյանի՝ ներկայացրել է մեկնաբանություններ, որոնք սուբյեկտիվ են, ՀՔԾ-ը պատասխանատու անձը չի իրականացրել անաչառ, բազմակողմանի, ամբողջական վերլուծություն, եկել է մի եզրակացության, որով ասել է ՝ քրեական հանցագործություն թույլ չեն տվել։
«Ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումը՝ առանց ՍԴ եզրակացության՝ օրինական է, ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչի լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը և Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետին, որ ներկայացվել է»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։
Մինասյանը համոզմունք հայտնեց, որ և՛ իշխանության յուրացման, և՛ սահմանադրական կարգի տապալման, և՛ պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքերը ամբողջությամբ բավարար էին, որ իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ ՀՔԾ-ն հարուցեր քրեական գործ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ անդրադառնալով ՍԴ-ի էպոպեային` նշել է, որ մեկ տարի է` իշխանությունները լծված են Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի աշխատակազմով համալրելու գործին՝ իշխանահաճո որոշումներ կայացնելու նպատակահարմարությամբ պայմանավորված։
«Մեկ տարի շարունակ ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչը իրականությանը չէր համապատասխանում, բայց այսօր իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ առկա է: Մեկ տարի շարունակ իրականացվող գործընթացը՝ Սահմանադրական դատարանը քանդելու և վաղ կենսաթոշակի ուղարկելու նախաձեռնությունները և վերջին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով կյանքի և մահվան գնով փորձ արվեց զավթել ՍԴ-ն, ամբողջ գործընթացը մենք որակել ենք որպես հակաօրինական և հակաիրավական: Այս դեպքում, անկախ դատավորների ներկայացված թեկնածություններից, մեր մասնակցությամբ չենք պատրաստվում օրինականացնել այս գործընթացը». ընդգծեց պատգամավորը:
Նա նշեց, որ մամուլում եղել են հրապարակումներ, թե ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների եռյակային ձևաչափը կենսունակ չէ, և խնդիրներ կան, սակայն որևէ խնդիր չկա և ամենօրյա քննարկումներ են ընթանում:
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշմանը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքին նշեց, որ իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման, և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսել են շատ վաղուց՝ այն պահից, երբ քաղաքական իշխանությունը իր երկու՝ գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ՝ դատական ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







