Այս պահին և՛ արտաքին գործերի նախարարությունը, և՛ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը, և՛ Լիբանանում ՀՀ դեսպանը, և՛ ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին աշխատում են, որպեսզի գնահատեն և հասկանան, թե Լիբանանի եղբայրական ժողովուրդն ինչի կարիք ունի։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հարցին ի պատասխան նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ Լիբանանում ՀՀ դեսպանը երկու երկրների իշխանությունների հետ ուղիղ կապի մեջ է, այժմ աշխատանքներն են տարվում, որպեսզի ըստ կարիքների և ըստ անհրաժեշտության այդ օգնությունը տրամադրվի։
«Քանի որ լարված իրավիճակ է, պետք է գնահատում իրականացվի, որպեսզի թիրախային օգնություն տրամադրվի»,-նկատեց Գևորգյանը։
Հարցին, թե Հայաստանն օգնություն տրամադրելու է Լիբանանին կամ աջակցելու է ՀՀ վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցներին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ այս պահին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է:
Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







