Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,- գրել է Միրզոյանը։
2011 թվականին Իրաքում սկսված քաղաքացիական պատերազմի արդյունքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հունիսի վերջերին հայտարարեց «Իսլամական խալիֆատ» կամ պետություն ստեղծելու մասին Իրաքի և Սիրիայի իրեն հպատակ տարածքներում։ Իսկ «Իսլամական պետության» խալիֆ դարձավ ահաբեկչական վերոնշյալ կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ «Իսլամական պետության» մայրաքաղաք հռչակվեց Մոսուլ քաղաքը։
Օգոստոս ամսվա սկզբներին իսլամիստների զինված ուժերը գրավեցին Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար քաղաքը, որը բնակեցված էր եզդիներով։ Իրաքի մարդու իրավունքների նախարար Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հայտարարության համաձայն՝ օգոստոսի 10-ի դրությամբ ահաբեկիչների կողմից սպանվել է նվազագույնը 500 եզդիներ։ Ըստ նույն հաղորդագրության համաձայն՝ կան փաստեր, որ իսլամիստները ողջ-ողջ թաղել են եզդիների մի մասին, այդ թվում՝ երեխաների և կանանց, իսկ մոտ 300 եզդի կանանց ստրկացրել են՝ տրամադրելով նրանց իսլամիստ զինյալներին։ Տասնյակ հազարավոր եզդիներ և այլ կրոնական ու ազգային փոքրամասնություններ փրկվելու համար փախել են Ջեբել-Սինջար լեռնային մասիվ։ Սակայն խմելու ջրի պակասի պատճառով այդ տարածքում սկսել են մահանալ մարդիկ։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները կետային ավիահարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին, որի շնորհիվ, որոշ տվյալների համաձայն, մոտ 20-30 հազար մարդիկ, հիմնականում՝ եզդիներ, կարողացել Սինջարի լեռներից փախչել Սիրիա, իսկ այնտեղից վերադառնալ Իրաքի Քուրդիստան։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ինքնաթիռները նաև սննդի և ջրի պաշարներ են «բաժանել» Ջեբել-Սինջարում գտնվող գաղթականներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







