Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը (ԵՄ պառլամենտի քաղաքական խմբավորումներից մեկն է) հայտարարություն է տարածել Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի ու գործիչների նկատմամբ իրականացվող կտտանքների վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի նկատմամբ իրականացված դաժան կտտանքներից։ Պարոն Ղահրամանլին նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի կողմից պետական հեղաշրջում նախապատրաստելու մտացածին մեղադրանքով ձերբակալված տասնյակ ընդդիմադիրներից մեկն է, իսկ Ալի Քարիմլին ներկայումս ապօրինաբար գտնվում է տնային կալանքի տակ: Այդ դատապարտելի գործողությունները նախագահ Ալիևի կողմից հրահրված ընդդիմադիրների ահաբեկման, հետապնդման և ձերբակալման համակարգային սխեմայի մի մասն են, և նրանց համարել են «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»:
Ադրբեջանի օրենսդրության եւ երկրի միջազգային պարտավորությունների խախտմամբ նրանք զրկված են իրենց հիմնական իրավունքներից, ինչպիսիք են իրենց փաստաբանների եւ ընտանիքների հետ շփումը: Անթույլատրելի է, որ նախագահ Ալիեւը օգտագործի COVID-19 համաճարակը եւ Հայաստանի հետ հարաբերություններում ռազմական լարվածության վերջերս բռնկումը որպես պատրվակ երկրում քաղաքական ընդդիմության մնացորդների ոչնչացման համար:
Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակի լրջությունը՝ կոչ ենք անում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին անհապաղ հանդես գալ Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ մարդու իրավունքների ոլորտում համաեվրոպական նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ, որոնք պատասխանատու են երկրում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար»:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ողջունում է այս հստակ հայտարարությունր, քանի որ չափազանց կարևոր է միջազգային հանրության միահամուռ պայքարը Ադրբեջանի ագրեսոր և բռնապետական ղեկավարության դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







