ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հաստատել է սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու վերաբերյալ կոնվենցիայի կիրառում ապահովող միջոցառումների ցանկը: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝
հաստատել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը`համաձայն հավելվածի:
Հիշեցնենք՝ Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի՝ Լանզարոտի կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար:
Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին:
Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը:
Նշենք, որ այդ կոնվենցիան Հայաստանում բուռն քննարկումների տեղիք էր տվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







