ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու իր որոշումը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ սույն թվի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու է անկախ պատգամավորի կարգավիճակով:
«Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացած իմ անհամաձայնությունն ու առարկությունները: Նոր Հայաստանի հայտարարած արժեքների հաստատման համար տասնյակ տարիներ պայքարել եմ և պայքարելու եմ: Հզոր պետականության, առանց բռնության հասարակության, մարդու իրավունքների գերակա արժեքներն այն նպատակադրումներն են, որոնք ինձ ուղեկցել և ուղեկցելու են միշտ: Քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ: Իմ գործունեությունն ուղղված է եղել և այսուհետ առավելապես միտված է լինելու հայոց պետականության հզորացմանը:
Գրեթե համոզված եմ, որ բոլոր քաղաքական միավորներն առնվազն այս մոտեցումներն ընդունում են, սակայն դրանց հասնելու ճանապարհները տարբեր են: Այստեղ է, որ իմ պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից»,- գրել է նա:
Մանդատը վայր դնելու մասին Բագրատյանը նշել է, որ համաձայն ՀՀ սահմանադրության 94 հոդվածի՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:
«Հստակ գրված է՝ ամբողջ ժողովրդին, ոչ թե որևէ քաղաքական միավորի:
Պատգամավորության ընթացքում իմ կատարած աշխատանքի մասին. parliamentmonitoring կայքում արձանագրված են իմ աշխատանքի ակտվության ցուցանիշները՝ 132 պատգամավորների թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականն եմ զբաղեցնում՝ 196 ելույթներ և հարցեր. 19 օրենսդրական նախաձեռնություն և այլն: Խնդրում եմ անհամեստություն չդիտարկել, սակայն այս թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իմ իրավունքը:
Իսկ նոր կարգավիճակում կրկնապատկելու եմ իմ եռանդը, և իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելու եմ իմ հրաշալի հայրենիքի հզորացմանը, պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի լավագույն շահի սպասարկմանը:
Շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
Առողջ եղեք, շուտով կհանդիպենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերգեյ Բագրատյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






