Վերջին 15 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակը բարելավվել և բարելավվում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ՝ երեկվա դրությամբ, ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք․ երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8877, երեկ ունեցել են 259 դրական դեպք և 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր, իսկ նման իրավիճակ մայիսի 24-ի դրությամբ է եղել» ,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս ամենը նշանակում է, որ հնարավորություն ունենք ջարդելու համաճարակի ողնաշարը, և սա մեզնից յուրաքանչյուր վրա դնում է հատուկ պատասխանատվություն։
Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ սոցիալական ծառայություն մատուցող բոլոր հաստատություններում խստագույնս պահպանվեն հակամաճարակային կանոները։
Անդրադառնալով օգոստոսի 1-ից թոշակների բաժանման գործընթացին՝ վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին կոչ արեց խստագույնս հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
Ըստ վարչապետի՝ հուլիսի 6-ի պիկը հասարակության համար ունեցել է սթափեցնող նշանակություն, և նաև դա է նպաստել թվերի նազեցմանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով խստագույնս պահպանել հակամաճարակային կանոնները հուղարկավորության արարողությունների ու հարսանիքների ժամանակ։
«Ցավոք, հիմա վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, և հանգստի մեկնել ցանկացող քաղաքացիները պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորությունից։ Սա մի կողմից հնարավորություն է, որ մեր հայրենակիցներն իրենց հայրենագիտական գիտելիքներն ավելացնեն, մյուս կողմից տեսչական մարմինները հանգստյան գոտիներում, առողջարաններում հետևեն հակամաճարակային կանոնների պահպանմանը»,- ասաց կառավարության ղեկավարը։
Վարչապետն ընդգծեց, որ այժմ ձևակերպում են խնդիր՝ համաճարակը որպես օրակարգի հարց դուրս բերեն հանրային կյանքից, և դա նշանակում է, որ կորոնավիրուսի դեպքերը պետք է լինեն այն աստիճանի վրա, որ չհամարեն առջողջապահական համակարգի համար ճգնաժամ։
«Այսօր այդ հնարավորությունն ունենք, և դա կախված է մեզնից յուրաքանչյուրից ու պետական մարմինների պատասխանատվության մակարդակից»,- ասաց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ հույսը դնում են քաղաքացու վրա, իսկ իրենք կկրեն իրենց մասով պատասխանատվությունը։
Վարչապետը հույս հայտնեց, որ այս պարագայում սեպտեմբերին հնարավոր կլինի արձանագրել ճգնաժամի ավարտը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







