Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվել է դատական նիստը, որում քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորելու խնդիրը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել Լյուբերցի քաղաքում ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ։
Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS-ը՝ հղում անելով դատապաշտպան Ռուբեն Կիրակոսյանին։ Ըստ կայքի փոխանցման՝ քննչական մարմինները չէին ներկայացրել որևէ ապացույց, որոնք հաստատում էին հայ երիտասարդների մասնակցությունը այդ անկարգություններին։
Սկսված դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունը անհիմն է, և հայ երիտասարդները անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու քննիչների միջնորդությունը` հենց դատարանից ազատ արձակելով հայ երիտասարդներին։
Հիշեցնենք, որ Լյուբերցիում ադրբեջանցիները հուլիսի 24-ին նույնպես փորձել էին հարձակումներ գործել հայերի վրա, սակայն հանդիպելով դիմադրության, այլ սադրիչ միջոցների էին դիմել։ Օրեր անց՝ անկարգությունների գիշերը, պարեկություն իրականացրած 20 հայ երիտասարդների ոստիկանությունը բերման էր ենթարկել, ինչը հայ համայնքի մեծ դժգոհության պատճառ էր դարձել։ Դատական առաջին նիստում ազատ էր արձակվել 7 հոգի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







