Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել հյուրանոցային բիզնեսի մեծ խումբ սեփականատերերի և կառավարիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նշվում է, որ հանդիպումների օրակարգը Հայաստանում հյուրանոցային բիզնեսի ծայրահեղ ծանր վիճակն է։
«Ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ արդեն իսկ կրած զգալի կորուստների և տեսանելի հեռանկարի բացակայության պատճառով ոլորտը կանգնած է սնանկացման եզրին։ Շատերը գտնվում են վարկային բեռի տակ, և եկամուտների բացակայությունը նրանց դրել է անելանելի վիճակում։ Այս պայմաններում պետությունը չի առաջարկում քիչ թե շատ խելամիտ ծրագիր՝ ներքին տուրիզմի, ներքին ռեսուրսների հաշվին որոշակի աջակցության համար»,- նշել է Տոնոյանը։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանում համաճարակի մտահոգիչ ցուցանիշները մեր երկիրը դարձրել են օտարերկրյա տուրիստների, զբոսաշրջիկների համար փակ պետություն։ Առայժմ չի նշմարվում օդային և ցամաքային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։
«Կարևորելով հանդերձ հակահամաճարակային միջոցառումները, բարձր պահելով անվտանգության մակարդակը՝ պետք է այնուհանդերձ սկսել աշխատել գոնե օգոստոսի կեսից զբոսաշրջիկների որոշակի քանակի մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, քանի որ տուրիստական ենթակառուցվածքների աշխատանքը երկրում թույլատրված է, և ԱՊՀ տարածքից, հատկապես Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքը կարող է էապես աշխուժացնել ոլորտում ներգրավված բիզնեսը։ Ոլորտի ներկայացուցիչները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին խնդրել են՝ համատեղ աշխատել լուծումների և առաջարկների շուրջ, այս դժվար պայմաններում գտնել ելքեր, որոնք գոնե կմեղմեն ռիսկերը»,- նշել է Տոնոյանը։
Ծառուկյանն էլ նշել է, որ խորապես կիսում է նրանց մտահոգությունները, բավական խոր տեղյակ է խնդրին ։
«Թեև Ձեր նշած մտահոգությունների մեջ կային այնպիսիք, որոնք ինձ համար նորություն էին։ Պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններով օգտակար լինել գրագետ առաջարկների մշակման և լուծումներ գտնելու հարցում։ Պատրաստ եմ հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների, կազմակերպությունների, և դրա հետ կապված բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա։ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։
Տոնոյանը նշել է, որ կայացվել է որոշում նման հանդիպումները դարձնել պարբերական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






