Անկարայի փաստաբանների պալատը դատի է տվել թուրքական «Gerçek Hayat» շաբաթաթերթին, որն իր վերջին համարում խալիֆայությունը վերականգնելու կոչ էր արել։ Այս մասին հայտնում է eremenihaber-ը։
Դատական հայցը ներկայացվել է ինչպես շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Քեմալ Օզերի, այնպես էլ թերթի շապիկը Twitter-ում հրապարակած Աբդուրահման Դիլիփաքի դեմ, որը թղթակցում է իշխանամետ «Yeni Akit» թերթին։
Հայցում նշված անձինք մեղադրվել են «Թուրքիայի Հանրապետության դեմ զինված ապստամբություն հրահրելու», «Ժողովրդի մեջ թշնամանք և ատելություն սերմանելու» մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններով հայտնի «Albayrak Medya Grubu»ի կազմում գտնվող շաբաթաթերթի հուլիսի 27-օգոստոսի 2-ի համարի շապիկին տեղ էր գտել հետևյալ գրությունը․ «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ, եթե ոչ դու, ապա ո՞վ։ Համախմբվեք հանուն խալիֆայության»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







