Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել, տեղեկացրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ՝ ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:
«Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է, և վստահ եմ՝ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն», -նշել է Սարգսյանը։
«Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռևս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաև Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ, և փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետևանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից», -գրել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել տեղի ադրբեջանցիների հետ այն բանից հետո, երբ ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների և նրանց ավտոմեքենաների վրա: Բախումներից հետո ադրբեջանցիները լքել են տարածքը։ Հաղորդվում էր, որ նրանցից եղել են վիրավորումներ ստացածներ։
Ավելի վաղ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին աջակցություն էր հայտնել հայ համայնքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






