ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են նախարարությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները: Ա. Հարությունյանի գնահատմամբ՝ գերմանական կողմի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է:
Անդրադառնալով համատեղ կրթական ծրագրերին՝ կողմերը համակարծիք են եղել, որ առաջիկայում նախատեսվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի Երևանյան գրասենյակի տեղափոխումը Թբիլիսի բացասաբար կանդրադառնա այդ կազմակերպության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի արդյունավետության վրա: Դեսպանը հայտնել է, որ այսօր կազմակերպությունը վերակազմակերպման փուլում է, այս պահին ունի 18 գրասենյակ և 53 տեղեկատվական կենտրոն, և ինքը դիմել է Թբիլիսիի կենտրոն՝ տեղեկանալու, թե որքանով է հնարավոր կենտրոն չունենալու պարագայում նույն արդյունավետությամբ ծրագրեր իրականացնել Հայաստանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







