Մոսկվայի հարավ-արևելքում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև ծեծկռտուքից հետո մայրաքաղաքային ոստիկանությունում քրեական գործ են հարուցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 213 (խուլիգանություն) և 162 (ավազակություն) հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ Ներկայումս 25 մարդ է ձերբակալվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո շրջանում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներ են տեղի ունեցել։ Բախումներից մեկի ժամանակ տղամարդուն մարմնական վնասվածքներ են պատճառվել, վնասվել է ավտոմեքենան, որում նա գտնվում էր։ Սրճարանի տարածքում անհայտ անձինք, սպառնալով այցելուներին և անձնակազմին, դրամարկղից բացահայտ հափշտակել են 50 հազար ռուբլու չափով դրամական միջոցներ, վնասել գույքը, որից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի: Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 25 մարդ:
Համաձայն ՌԴ միգրացիոն օրենսդրության՝ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել՝ կապված ՌԴ մուտքի ժամանակավոր սահմանափակման սահմանման հետ՝ 5 տարի ժամկետով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







