Մոտ մեկուկես տարի առաջ Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության գործով որպես վկա հարցաքննվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը, Armenia Today-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննության է հրավիրվել դեռ հունիսին, սակայն ներկայացել է միայն հիմա. նա կորոնավիրուսով վարակված է եղել։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի, որի ընթացքում գործի էին դրվել տարբեր տեսակի զենքեր։ Կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքի բնակիչ, 1989 թ. ծնված Արտաշես Գևորգյանը: Եվս 7 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 22 անձ, 7 անձի նկատմամբ վարույթն առանձնացվել է հիմնական գործից և ուղարկվել դատարան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







