Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից: Կորոնավիրոսի համավարակի առաջին օրերից ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ մեզ համար ամենօրյա շատ դժվար ընտրություն է եղել: Կշեռքի մի նժարին եղել է առողջապահական առաջնահերթությունը, մյուս նժարին՝ տնտեսական առաջնահերթությունը:
Այն փաստը, որ ապրիլին շուրջ 70 հազար կրճատված աշխատատեղ ունեցանք, մեզ համար ազդակ էր, որ պետք է ավելի հավասարակշռված լինի մեր քաղաքականությունն առողջապահական և տնտեսական նժարների միջև: Եվ ըստ էության, մենք որոշում կայացրեցինք առաջնորդվել համաճարակային իրավիճակի հետ համեմատ, գուցե ոչ լիարժեք տրամաբանությամբ, և սկսեցինք որոշակի տնտեսական գործունեության հնարավորություններ ընդլայնել»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրել է, որ արդեն մայիսին ունեցել ենք կրճատված աշխատատեղերի մեծ մասի վերականգնում: «Երեկ մենք ամփոփել ենք նաև հունիսի տվյալները, և կարող եմ արձանագրել, որ այդ միտումը շարունակվում է, և չնայած կարիք ունենք վերլուծելու և հասկանալու մեր ձեռքի տակ եղած վիճակագրությունը, որը վկայում է, որ 2020 թ. հունիսին 2019 թ. հունիսի համեմատությամբ ավելի շատ աշխատատեղեր ունենք, ընդ որում՝ ավելի մեծ աշխատավարձային ֆոնդով, ավելի մեծ միջին աշխատավարձով: Այստեղ մենք իհարկե փորձում ենք վերլուծել, թե ինչի հետ է կապված սա»,- ընդգծել է վարչապետը:
Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ այն ընդհանուր առմամբ շարունակում է մնալ լարված, բայց մյուս կողմից տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է: «Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը:
«Եվ մենք, իհարկե, պետք է աշխատենք ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ: Այդ առումով, կրկին ուզում եմ ընդգծել ճգնաժամը որպես հնարավորություն մեր հայեցակարգը, մասնավորապես, հիշեցնել մեր կառավարության ծրագրում արձանագրված առաջնահերթությունը՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսությամբ երկիր դարձնելը, մի տնտեսությամբ, որը միտված է արտահանմանը, ինչը նույնպես շատ կարևոր է: Այսօրվա մեր քննարկումը պետք է նվիրված լինի, թե ինչպես մենք պետք է համագործակցենք այս օրակարգը սպասարկելու և այն իրականություն դարձնելու համար»,— ասել է վարչապետ Փաշինյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և հավելել, որ տնտեսությունն այժմ գնում է դեպի վերականգնման փուլ նաև կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքում: Մասնավորապես Արսեն Ղազարյանը կարևորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը:
«Դրանց արդյունքում է, որ տնտեսվարողներն այժմ փորձում են պահպանել արտադրական ծավալներն ու առաջ գնալ»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը՝ ընդգծելով նաև վերամշակող ընկերությունների համար զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրելու կառավարության որոշման կարևորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







