Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- գրել է Միրզոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ օրենքն այսօր կմտնի ուժի մեջ, առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։
Հիշեցնենք՝ 2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով չի ստորագրելում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







