- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:
- Չնայած հարաբերական անդորրին՝ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 34981-ի: Հուլիսի 20-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 23,502 (+208) է, փաստացի բուժվում է 10,620-ը, գրանցվել է մահվան 650 (+9) դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 147108 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 209 (+4)-ն են։
Լավ լուրերի շարքից․ «Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են: - Միացյալ Նահանգները խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. այս դիրքորոշումը հստակ հնչեցվեց պետքարտուղար Պոմպեոյի կողմից չորեքշաբթի օրը։
- Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի, ինչը թույլ կտա կարգավորել այդ երկրների՝ ՌԴ-ի քաղաքացիների հուզական ֆոնը:
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել։ Ըստ նրա՝ 2 պետությունների միջեւ լայնածավալ հակամարտությունը աղետ կդառնա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







