ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրերին ՌԴ տարածքում ՝մասնավորապես «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից ս.թ. հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ: Այս մասին ասվում է ՏՄՊՊՀ հրապարակման մեջ։
Գործընկերներին ուղղված գրություններում Գևորգյանն ընգծում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում:
«ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները»,- ասվում է հրապարակման մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







