Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին, փոխանցում է ermenihaber-ը։
«Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է, և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, չի կարողացել լուծել։ Իհարկե, պարզ էր, որ հանգամանքները հենց նման զարգացում են ունենալու», — նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «եղբայր Ադրբեջանին» միայնակ չի թողնի և մինչև վերջ կաջակցի։
«Այս ընթացքում ես խոսում եմ պարոն Ալիևի հետ, և երեկ Ադրբեջանից մի պատվիրակություն էին ուղարկել։ Պատվիրակությունը և մեր պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են արել։ Ես էլ իրենց հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Ինչպես եղել է Կովկասի պայքարում, այսօր էլ Ադրբեջանի և մեր ադրբեջանցի եղբայրների կողքին ենք և շարունակելու ենք նրանց կողքին լինել», — հայտարարել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







