Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ հուլիսի 17-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայութունից։
Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել արդարադատության նախարարության հետ երկխոսության պահպանումն ու ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների ուղղությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումները և այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։
Նախարար Բադասյանը կարևորել է արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվության և փոխհամագործակցության ավելացումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






