Gallup International Armenia-ի վերջին սոցհարցումը ցույց տալիս է Հայաստանի հանրային կարծիքի մի շարք ուշագրավ միտումներ, որոնք անմիջականորեն ազդում են երկրում ընթացող քաղաքական գործընթացների վրա:
Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ եթե որոշակիորեն անտեսենք հարցման տվյալների հետ կապված կոնյուկտուրային քաղաքական շահերը (ինչն ընդհանուր առմամբ բնորոշ է Հայաստանում իրականացվող սոցհարցումներին), այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում հետազոտությունը մի շարք կարևոր գործընթացների մասին ազդանշաններ է տալիս։
Հարցման արդյունքների կենտրոնական ցուցիչը մնում է գործող իշխանությունների զանգվածային աջակցության հարցը։ Ըստ էության, 2018-ի գարնան իշխանափոխությունից հետո նախկին ու ներկա էլիտաների միջև ներքաղաքական սուր պայքարի ծավալման արդյունքում այս հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքային գործոնը։
Հարցման համաձայն՝ գործող վարչապետի գործունեությանը հավանություն են տալիս հարցվածների 85 տոկոսը։ Կրկնենք, որ եթե նույնիսկ ենթադրենք տվյալ ցուցանիշի որոշակի ավելացում կարող է ցույց տալ սոցհարցումը, այնուամենայնիվ, թեկուզև որոշակի փոփոխությամբ այդ թիվը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի զանգվածային աջակցության պահպանումը։
Կառավարության ղեկավարի հավանության բարձր մակարդակի դարձերեսին խիստ ցածր աջակցության ցուցանիշներ ունի ընդդիմությունը, և հնարավոր է, որ այդ ցուցանիշներն ինչ-որ չափով փոխկապակցված են և փոխգործակցում են միմյանց հետ։
Հարցման տվյալներով՝ Հայաստանում ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների ընդամենը 22.7% — ը, հավանություն չի տալիս 69.3% – ը: Հատկանշական է նաև կոնկրետ ընդդիմադիր ուժերի և գործիչների աջակցության չափազանց ցածր մակարդակը. խորհրդարանական ընտրությունների՝ ներկայում հարցում անցկացնելու դեպքում ընդդիմադիր կուսակցությունների շարքում առաջին տեղում է «Բարգավաճ Հայաստանը»՝ 6 տոկոս ձայներով, երկրորդ տեղում՝ «Լուսավոր Հայաստանը»՝ 4 տոկոս ձայներով։
Մնացած ընդդիմադիր ուժերի վարկանիշը տատանվում է 0.9-1.8% միջակայքում։ Ընդդիմադիր գործիչների թվում, որոնց հարցվողները կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում, առաջին տեղում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 9.9% — ով, նրան հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը (3.5%), միևնույն ժամանակ ընդդիմադիր գործիչներից ոչ մեկին չի պաշտպանել հարցվածների 75% — ը:
Այս թվերն արտացոլում են այն հետաքրքիր միտումը, որ հասարակության մեծ մասի մեջ դեռևս պահպանվում է նախկին էլիտայի նկատմամբ բացասական վերաբերմունքը (որն այս կամ այն ձևով ընդդիմության միջուկն է կազմում), և դա էլ իր հերթին նպաստում է գործող վարչապետի վարկանիշի բարձրացմանը։
Այսպես, 2019 թվականի գարնանը իշխանությունների զանգվածային աջակցության մակարդակի նվազումը (որը դրսևորվել է դատարանների շրջափակման ընթացքում զանգվածային ցածր ակտիվության տեսքով) ընդդիմության ակտիվացում է առաջացրել և հանգեցրել իշխանությունների զանգվածային աջակցության հետագա կոնսոլիդացիայի, ինչի մասին ահազանգել են տարվա երկրորդ կեսին հրապարակված հարցումների արդյունքները։
Ինչպես երևում է, նույն կերպ և հիմա՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, իշխանության վրա ընդդիմադիր ճնշումը ուժեղացրել է վարչապետի գործունեության զանգվածային աջակցությունը։
Երկրորդ կարևոր ասպեկտը, որը որոշակիորեն լույս է սփռում իշխանությունների դեմ ընդդիմադիր քարոզչական արշավի ցածր արդյունավետության պատճառների վրա, Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրների վերաբերյալ տվյալներն են: Նշենք, որ ավելի վաղ կայացած սոցհարցումների տվյալներով՝ այդ ցուցիչով առաջատար են եղել տնտեսական և սոցիալական խնդիրները։
Այս տարի կորոնավիրուսի համաճարակը որոշակի ճշգրտումներ է մտցրել, և այս թեման առաջին պլան է մղվել (52.5%): Միևնույն ժամանակ, երկրորդ և երրորդ տեղերն այս առումով զբաղեցնում են գործազրկությունը (28.6%) և տնտեսական վիճակը (17.2%)։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը 6-րդ տեղում է (7.4%)։
Ինչպես արդեն նշվել է, այս թվերը լույս են սփռում «նախկինների» տեղեկատվական արշավի որոշակի ցածր արդյունավետության վրա, որի շրջանակներում իշխանությունները հիմնականում քննադատվում են ազգային-պահպանողական արժեհամակարգի, պետական ապարատի աշխատանքի արդյունավետության հարցերի տեսանկյունից և քիչ են անդրադառնում սոցիալական խնդիրներին։
Միևնույն ժամանակ, հարցումը ցույց է տալիս նաև իշխանության ներսում համակարգային կարևոր խնդիրները, առաջին հերթին գործող ռեժիմի անձնավորված և կենտրոնացված բնույթը, որն ըստ էության կապված է մեկ մարդու հետ, ինչպես նաև ինստիտուտների թուլության պահպանումը:
Այսպես, հարցման տվյալներով՝ վարչապետի վարկանիշն առաջ է անցել պետական կառույցների, այդ թվում ՝ այն կառավարության աջակցությունից, որը նա գլխավորում է։ Մասնավորապես, եթե Փաշինյանի գործունեության հավանության մակարդակը կազմում է 85%, ապա խորհրդարանի նույն ցուցանիշը (որը գլխավորում է «Իմ քայլը» իշխող դաշինքը) կազմում է 54.7% (հավանություն չի տալիս ԱԺ գործունեությանը 39.6%), իսկ կառավարությանը՝ 67.9% (հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին 26.8%)։
Նմանապես տարբերվում է նաև վստահության ցուցանիշը։ Եթե կառավարության ղեկավարին լիովին վստահում է հարցվածների 57.1% – ը, ավելի շուտ վստահում է 30.5% – ը և լիովին չի վստահում ՝ 6.2% – ը, ապա իշխանություններին ընդհանուր առմամբ լիովին վստահում է միայն 22.0% — ը, ավելի շուտ վստահում է 41.2% — ը, լիովին չի վստահում 12.9% — ը:
Հարցումը ցույց է տալիս նաև որոշակի միտումներ։ Դրանցից առաջինը ընդդիմության շարունակական թուլությունն է՝ չնայած վերջինիս ֆինանսական, տեղեկատվական և որոշ չափով վարչական լուրջ լծակներ ունենալուն։ Երկրորդ կարևոր միտումը իշխանական կառուցվածքում նշված անձնակենտրոնությունն է, որը պոտենցիալ անկայունություն է հաղորդում գործող ռեժիմին։
Միևնույն ժամանակ, իշխանությունների համար առանցքային ռիսկերը են ստեղծում տնտեսական և համաճարակաբանական ճգնաժամային ներկա իրավիճակը։ Համաճարակային խնդիրներն ու սոցիալական հարցերը գերակա են հասարակության համար, և կառավարության մոտ դրանց լուծման գործուն դեղատոմսերի բացակայությունը հեռանկարում անխուսափելիորեն կսկսի անդրադառնալ իշխանությունների զանգվածային աջակցության վրա:
Դավիթ Հարությունով
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







