«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքի ներկայացվող առաջարկին կոնտր, կառուցողական առաջարկ ունի։
«Երկար քննարկումներից հետո, երբ որ մրցութային հանձնաժողով ունենալու օրենքի ժամկետներն անցել էր, որոշվեց, որ ամեն խմբակցություն ներկայացնի իր ներկայացուցչին, և խորհրդարանը ընտրի ու ձևավորվի Հակակոռուպցիոն հանձնաժողովը։ Բայց օրենքի մեջ գրված է, որ դա մեկանգամյա գործընթաց է։ Արդեն քաղաքական մեծամասնությամբ ասվել է, որ հանձնաժողովը արդյունավետ չէ։ Առաջարկում եմ օրենքի մեջ փոփոխություն անել, վերացնել մրցութային հանձնաժողովը և թույլ տալ ամեն ուժին, որը որ ներկայացրել է թեկնածու, թեկնածուի հրաժարականի պարագայում առաջարկել նոր թեկնածուի։ Հիմա թափուր է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի տեղը, պետք է թեկնածու ներկայացնի դաշինքը․ սրանից կառուցողական բան չի կարող լինել»,- նշեց Մարուքյանը։
Նա նշեց, որ խմբակցությունն ունի թափուր տեղ կառաջարկի թեկնածու, իրենք էլ կընտրեն և եթե շարունակական լինի՝ դրանից լավ առաջարկ չի կարող լինել։
«Ձեր տեղն է, ձեր թափուր տեղն է, ձեր մարդն է հրաժարական տվել, դուք տեղը լրացրեք, մերը հրաժարական կտա՝ մենք կլրացնենք․ ահա Ձեր՝ աշխարհի ամենակառուցողական կոնտր առաջարկը»,-նշեց նա։
Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել: Գործող կարգավորման պայմաններում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին՝ կոնսենսուսի սկզբունքով։ Նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






