«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ձևավորման համար ԱԺ կոնսեսուսային կերպով երեք խմբակցություններով պետք է ներկայացնեին մի թեկնածու, որը ներգրավված պետք է լիներ խորհրդի կազմում, որը բաղկացած է հինգ անդամից և պետք է ընտրի բազմաթիվ հնարավոր տարբերակներից, անձանցից, պրոֆեսիոնալներից, և ներկայացնեին ԱԺ-ի դատին: Միայն դրա արդյունքում մենք կկարողանայինք ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամին: Այնպես որ, տարբերակը, որը «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է, հետևյալն է։ Քանի որ մենք չկարողացանք գալ կոնսենսուսային թեկնածու առաջադրելուն, որովհետև ոչ մի խմբակցություն չզիջեց այս տարբերակը մեզ տանում է փակուղի, սա կարող է տարիներով ձգվել: Հետևաբար՝ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է, որ այն դեպքերում, երբ ժամկետ է սահմանվում, ու կոնսենսուսային թեկնածու ներկայացնել հնարավոր չի լինում, դա անի ԱԺ նախագահը: ԱԺ նախագահն այստեղ ոչ թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի հետ կապված որոշում է կայացնում, այլ ընդամենը առաջադրում է այդ թեկնածուին»,- հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին:
Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը օրենսդրական փոփոխությունների առաջարկ է ներկայացրել: Գործող կարգավորման պայմաններում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին՝ կոնսենսուսի սկզբունքով։ Նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






