Մենք պետք է ֆիսենք, որ օրենքը վերաբերում է զուտ կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում ստեղծված իրավիճակին: Այս մասին ասաց ԱԺ փոխանախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը:
«Երբ այստեղից խոսվում է պառլամենտարիզմի դարավոր պատմության մասին, ես ուզում եմ մի բան հասկանանք, որ ՀՀ-ն, լինելով պառլամենտական երկիր, ունի նաև պատասխանատվություն: Մենք հիմա գտնվում ենք արտակարգ դրության ընթացքում, և շատ հնարավոր է, որ կարիք լինի սահմանադրական օրենք փոխելու, կամ կարիք լինի, օրինակ, ռազմական իրավիճակի հետ կապված հրատապ մի օրենք ընդունելու, և մենք պետք է իրավիճակին համապատասխան կարողանանք գործել, որպեսզի պառլամենտական երկրի պառլամենտը շարունակի գործել և կաթվածահար չլինի»,-ասաց նա:
Սիմոնյանը, անդրադառնալով քննարկումներին պատգամավորների մասնակցությանը, նշեց, որ անգամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հիմա դահլիճում չեն, խորհրդի նիստին շատերը չեն մասնակցում, բայց դա չի խանգարում արտահայտել իրենց կարծիքը։
«Արտակարգ դրությունը ենթադրում է արտակարգ լուծումներ: Եթե ավելի հստակ լինեն օրենքի փոփոխությունների ձևակերպումները, համաձայնությունը կարող են ձեռք բերել և օրենքի հեղինակները հետևություն ունեն անելու»,-նշեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






