Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ-որ առավելություն ձեռք բերել և դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար:
Սադրանքը ֆիասկո է ապրել, որից հետո Բաքվում ադրբեջանական իշխանությունները պատերազմ պահանջող բազմամարդ ցույցեր են կազմակերպել, որոնք իրենց հերթին հակաիշխանական բողոքի ակցիայի վերածվելու նշաններ են ցույց տվել։ Այժմ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջև, երկուսն էլ՝ հղի իշխանության տապալման վտանգով»,- գրել է Մարուքյանը:
Պատգամավորը նշել է, որ եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան:
«Եթե պատերազմ չսկսեն սանձազերծված սադրանքի և աննախադեպ կորուստներից հետո, ապա ներքաղաքական պատասխանատվության ու հրաժարականների լեգիտիմ պահանջով կրկին տապալվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Կարծես ելք չկա, բայց ես կարծում եմ՝ ելք կա։
Ելքը կայանում է նրանում, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը և ներողություն հայցի և՛ իր ժողովորդից, և՛ հայ ժողովրդից: Ինչ մնում է գործող բռնաընտանեկան էլիտային, ապա նրանց տապալումը ժամանակի հարց է: Նրանց անփառունակ վախճանին բան չի մնացել»,- գրել է Մարուքյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






