Հայաստանում կրճատվել է փոխնախարարների, հանձնաժողովների փոխնախագահների ծառայողական ավտոմեքենաների 60 տոկոսը և ԱԺ-ի ծախսերը ահռելի քանակով՝ մոտ 40-60 տոկոսով, կրճատվել են խնայողությունների հաշվին: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ երբ տարբեր լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում ամեն շաբաթ քննարկել, թե պատգամավորներից ով է 100-200 հազար դրամ գումար ստացել, հետո գումարում են իրար ու դոլարի վերածելով՝ գումար ստանում, մոռանում են բենզինի, թղթի, հոսանքի, գործուղումների, ավտոմեքենաների այն ահռելի ծախսերի խնայողությունների մասին, որոնք ԱԺ-ն չի ծախսում և վերադարձնում է պետական բյուջե։
Հարցին, թե իր համար ծառայողական մեքենան անհրաժեշտությո՞ւն է, Ալեն Սիմոնյանը տվեց դրական պատասխան.
«Ես իմ ամբողջ կյանքում մեքենա ունեցել եմ և շաբաթ-կիրակի օրերին աշխատել եմ ծառայողական մեքենան չկանչել, բայց ես դրա իրավունքն ունեմ: Դա կարգավիճակից բխող որոշ պետական այրերի համար նախատեսված բան է, որը հեշտացնում է աշխատանքը: Ես ուրախ եմ, որ սա ենք թեմա սարքում, չենք քննարկում, որ Ալեն Սիմոնյանն, ասենք, ինչ-որ շենքում 50 տոկոս «փայ» ունի, չենք քննարկում, որ Ալեն Սիմոնյանի որդին մեկին գցել է մեքենայի տակ ու չի պատժվել: Քննարկում ենք, որ Ալեն Սիմոնյանը մեքենան սխալ տեղ է կայանել, թող սա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։
https://www.facebook.com/armeniatodayarm/posts/786544208798886
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






