Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ»,-գրել է պաշտպանը։
Նա հայտնել է, որ բանավոր տեղեկատվություն կա, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
«Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը»,-հայտնել է Ծառուկյանի պաշտպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







