Ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի էր ունեցել միջադեպ։
Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության՝ «տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար»։
Տեղեկացվում է, որ հուլիսի 3-ին Ստեփանավանում արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։ Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։
«Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։ Ոստիկանության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել։ Այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց՝ շարունակելով դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ։ Տարածք հրավիրված օժանդակ ուժերի օգնությամբ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Տղամարդը ձերբակալվել է։
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







