Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
«Հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացվել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը: Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը ՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:
Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հուլիսի 1-ին Հունաստանի խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էին համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս /Նասոս/ Եվֆիմիու Աթանասիոսը:
«Համաձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ », «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում» /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25 » կուսակցությունները: Դեմ է արտահայտվել Հունաստանի կոմունիստական կուսակցությունը»,- ասվում է հրապարակման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






