Ֆրանսիա, Լիտվա, Ռուսաստան, Իտալիա․ հատուկ չվերթով՝ հատուկ օգնություն։ Մեկ ամսվա ընթացքում այս երկրներից բժիշկներ եկան՝ օգնելու մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին ասվում է Կառավարության ֆեյսբուքյան էջի ռեպորտաժում։
88-ի երկրաշարժից հետո Ֆրանսիան առաջիններից էր, որ մարդասիրական օգնությամբ եկավ Հայաստան։ Համավարակի դեմ պայքարում առաջին արձագանքը եւս այնտեղից էր․ երկու խումբ, իրար հաջորդելով, օգնում է հայ բժիշկներին՝ հայազգի պրոֆեսոր Լորան Փափազյանի գլխավորությամբ։
«Բժշկական առաքելությունից զատ այս այցն ինձ համար չափազանց կարեւոր է։ Հայաստանում երբեք չէի եղել, ինքնաթիռից դուրս եկա, ձեռքս հողին դրեցի։ Այնքան զգացմունքային պահ էր դա ինձ համար»,- ասել է Լորան Փափազյանը՝ նշելով, որ շարունակում են առաջին խմբի գործը։
Ռուսաստանից էլ 50 բժիշկ է պատրաստակամություն հայտնել այս դժվար իրավիճակում կանգնել բուժաշխատողների կողքին․ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։ Առաջին թիմն արդեն այստեղ է, գործի է անցել․
«Տեղի բուժանձնակազմի հետ համագործակցությունը կառուցողական է, սակայն վարակի տարածումը կանխարգելելը միայն բժիշկների գործը չէ։ Ցավալի է փողոցում տեսնել, թե ինչպես են մարդիկ( հաճախ ռիսկային խմբում գտնվողները) անլուրջ վերաբերվում համաճարակին։ Միայն բոլորի ջանքերով կկարողանանք փոխել վիճակագրությունը»,- ասել է Ռուսաստանից ժամանած բժիշկ Դմիտրի Դույկինը։
3 շաբաթով Հայաստան են եկել նաեւ իտալացի բժիշկները։ Իտալացի թիմը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում էր դեռ փետրվարից։ Հանգստանալու փոխարեն աշխատանքը շարունակում են Երեւանում։
«Կորոնավիրուսով ախտորոշված հիվանդների հետ աշխատելու մեծ փորձ ունի մեր 11 հոգանոց թիմը։ Սիրով պատրոստ ենք մեր գիտելիքերն ու փորձը ծառայեցնել Հայաստանին»,-ասում է Իտալիայի բժշկական թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոն։
Եվրոպական մեկ այլ երկրից՝ Լիտվայից, 11 բուժաշխատող ժամանեց ու հաջորդ օրն անցավ գործի։ Օգնող ձեռքերը դատարկաձեռն չէին եկել։ Մեկուկես տոննա սարքավորում եւ բուժպարագաներ է Լիտվան նվիրաբերել Հայաստանին։ Սա իրենց պատմության մեջ ամենամեծ բժշկական առաքելությունն է։
«Սա հետաքրքիր փորձառություն է մեզ համար։ Լիտվայում նման ճգնաժամային իրավիճակ չի եղել, եւ այս առաքեությունն իսկապես ուսուցողական է»,- ակեղծանում է լիտվացի բժիշկ Ռոման Բոտովը։
Սփյուռքահայ ու արտասահմանցի մասնագետների հետաքրքրությունն այնքան մեծ է, որ առողջապահության նախարարությունն արդեն բժշկական առաքելությունների հստակ ժամանակացույց է կազմել։ Շուտով մեր երկիր կգա ֆրանսիացի կամավոր բժիշկների արդե 3-րդ խումբը։ Հուլիսի վերջին էլ ծրագրված է գերմանական բժշկական առաքելության այցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







